Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ծաղիկ Ռուբոն` ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, լքել է ԲՀԿ շարքերը: Անիմաստ զբաղմունք կլինի տեղի ունեցածի քաղաքական կամ գաղափարական ենթատեքստը բացահայտելը, որովհետև նման բան պարզապես գոյություն չունի: Ցուցակային նախընտրական քաշքշուկը Հայաստանում օրինաչափություն է` հատկապես մի կուսակցության համար, որի առաջնորդն օլիգարխիկ պատկերացումներ ունի և իր դաշինքի կամ կուսակցության համամասնական ցուցակը հաստատ չի ձևավորում քաղաքական տրամաբանությամբ կամ ժողովրդավարական սկզբունքով:
Մի փոքր այլ է նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի պարագան, ով հրապարակավ ընդդիմանում է «Համախմբում» կուսակցության իր ընկերների որոշմանը` Սեյրան Օհանյանի գլխավորությամբ դաշինքին մաս կազմելու վերաբերյալ: Սակայն նույնիսկ այս պարագայում տեղին չէ խոսել բացառապես գաղափարական բաղկացուցիչի մասին: Ըստ ամենայնի, Անդրեասյանը կորցրել է քաղաքական այն կոնֆորտը, ինչը հնարավոր է առանձին վերցրած մի կուսակցությունում, բայց վտանգված է ավելի մեծ համակարգում:
Խորհրդարանական այս ընտրարշավը քաղաքական գերեզմանափոր է «Ժառանգություն» կուսակցության համար, որն ընդամենը չորս տարի առաջ հավակնում էր կեսմիլիոնանոց էլեկտորատի: Արդեն հեռացել է Անահիտ Բախշյանը, երեկ նման ազդանշան հնչեցրեցին Սյունիքի «ժառանգականները»: Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական անդեմությունը հանգեցրել է կուսակցության կատարյալ ֆիասկոյին ու քաղաքական դաշտից դուրսմղմանը: Դա անխուսափելիորեն տեղի է ունենալու, և գուցե պարադոքսալ հնչի` կուսակցության գոյությունը մի քանի ամսով թերևս երկարաձգվի, եթե որոշում կայացվի ընտրություններին առհասարակ չմասնակցելու վերաբերյալ: Այդ հանգամանքը կարճաժամկետ «կսառեցնի» ներկուսակցական «պատերազմը»:
Համամասնական ցուցակները նոր են կազմավորվում, և մենք դեռ ականատես կլինենք վիրավորանքի ու նեղացվածության նոր դրսևորումների: Արդեն գրեթե կայացած փաստ է, որ Մհեր Սեդրակյանը լքում է ՀՀԿ շարքերը` իր կամ որդու մուտքը խորհրդարան վտանգված համարելով, կամ էլ` չհարմարվելով այն «նոր ոգուն», որ քաղաքացիներիս համար անտեսանելի ու աննկատ հաստատվել է ՀՀԿ-ում:
Կառավարման խորհրդարանական և ընտրությունների համամասնական համակարգերն օրինաչափորեն նպաստում են կուսակցությունների խոշորացմանը: Անկեղծ լինենք` նման մի բան, այնուամենայնիվ, նկատվում է: Դա դրական է: Վատն այն է, որ, չնչին բացառություններով, նոր դաշինքներին միավորում են ոչ թե քաղաքական կամ գաղափարական մոտիվները, երկարաժամկետ ծրագրերը, այլ խորհրդարանում խցկվելու հրամայականը:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ